top of page
Search
  • Profix Consulting

Իրավաբանական անձանց ամենատարածված կազմակերպաիրավական ձևերը. ԱՁ թե՞ ՍՊԸ

Updated: Aug 24, 2022


քննարկում

Բիզնես սկսելու առաջին և ամենակարևոր փուլը հանդիսանում է կազմակերպաիրավական ձևի ընտրությունը: Ձեռնարկատիրական գործունեութոյուն ծավալելու առավել տարածված ձևերն են հատկապես ԱՁ-ն և ՍՊԸ-ն: Նոր բիզնեսների համար միշտ չէ, որ հեշտ է որոշել ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը իրավական կառուցվածքն ընտրելիս: Հարկավոր է հաշվի առնել ընկերության ֆինանսական կարիքները, ռիսկերը և աճելու կարողությունը, քանի որ գրանցելուց հետո իրավական կառուցվածքը փոխելը կարող է դժվար լինել։

Մինչև կազմակերպաիրավական տեսակը ընտրելը անհրաժեշտ է ուսումնասիրել յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունը և կախված բիզնես գաղափարի՝ ընտրել լավագույն տարբերակը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առավել նպատակահարմար է սկզբնական փուլում դիմել մասնագիտական խորհրդատվության:


Կազմակերպաիրավական ձևի ազդեցության շրջանակը

Կազմակերպաիրավական ձևերի ընտրությունն առանցքային նշանակություն կարող է ունենալ ընկերության հետագա ֆինանսական և իրավական պարտավորությունների ծագման առումով։ Կազմակերպության իրավական տեսակից կախված փոփոխվում են կազմակերպության հետևյալ շրջանակները․

Հարկեր. Հաշվի առնելով կազմակերպության իրավական կառուցվածքի ընտրությունը և բիզնեսի ու անձնական եկամուտների տարբեր հարկային դրույքաչափերը՝ կազմակերպաիրավական ձևի ընտրությունը կարող է էապես ազդել հարկային բեռի վրա։ ՀՀ-ում գործում է հարկման ընդհանուր և հատուկ համակարգ: Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով և շահութահարկով։ Հարկման հատուկ համակարգերի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող հարկերով։

Պատասխանատվություն. Պատասխանատվության շրջանակը ևս որոշվում է կազմակերպության իրավական տեսակից։ Օրինակ՝ ՍՊԸ-ի դեպքում, հիմնադիրը կրում է պատասխանատվություն իր ընկերության ակտիվներով։ ՍՊԸ կառույցները կարող են պաշտպանել իրենց անձնական ակտիվները դատական հայցի դեպքում: Անունն արդեն հուշում է, որ պատասխանատվության շրջանակը սահմանափակ է։ Իսկ անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում, հիմնադիրը պատասխանատվություն է կրում իր անձնական գույքով։

Փաստաթղթեր. Յուրաքանչյուր բիզնես՝ որպես իրավական կառույց՝ կախված գործունեության տեսակից ընկնում է օրենքով սահմանված համապատասխան հարկման համակարգի տակ, որն էլ իր հերթին ենթադրում է համապատասխան փաստաթղթավորում և հաշվետվությունների ներկայացում: Եթե դուք կառուցում եք Ձեր ընկերությունը որպես իրավաբանակ անձ, ապա Ձեզ հարկավոր է պարբերաբար ներկայացնել որոշակի պետական հաշվետվություններ:

Հիերարխիա. Կազմակերպության որոշ տեսակներ պետք է ունենան բաժնետերերի խորհուրդ: Որոշ դեպքերում այս խորհուրդը տարեկան պետք է ժողովներ ունենա: Կորպորատիվ հիերարխիան նաև կանխում է բիզնեսի փակումը, եթե սեփականատերը փոխանցում է բաժնետոմսերը կամ հեռանում է ընկերությունից:

Գրանցում. Բիզնեսի իրավական կառուցվածքը նույնպես նախապայման է բիզնեսը գրանցելու համար: Դուք չեք կարող դիմել անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների՝ առանց համապատասխան կազմակերպաիրավական ձևի: Օրինակ՝ փոստային կապի գործունեություն, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման համար պետք է գրանցվել որպես իրավաբանական անձ։

Սխալ կառուցվածք ընտրելու հնարավոր հետևանքները. Սկզբնական փուլում ընկերության իրավական տեսակի ընտրությունը կարևոր է, թեև հետագայում կարող է ենթարկվել փոփոխության: Այնուամենայնիվ, բիզնեսի կառուցվածքը փոխելը կարող է հանգեցնել հարկային հետևանքների և բիզնեսի չնախատեսված լուծարմանը:

Եթե մի քանի անձինք նպատակ ունեն իրականացնել համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, այդ դեպքում անհրաժեշտ է գրանցել իրավաբանական անձ՝ ՍՊԸ կամ բաժնետիրական ընկերություն (փակ կամ բաց` կախված հիմնադիրների քանակից):


Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ կազմակերպությունները՝ հաշվառվելով որպես իրավաբանական անձ։ Ամենահաճախ տրվող հարցերից է, թե արդյոք ԱՁ-ն իրավաբանական անձ է թե ոչ։ Ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է նախ և առաջ գրանցվել կա՛մ որպես իրավաբանական անձ, կա՛մ անհատ ձեռնարկատեր։ Իրավաբանական անձինք կազմակերպություններն են, որոնք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային)։

անհատ ձեռնարկատեր թե իրավաբանական անձ

Հաջորդ հաճախ տրվող հարցը՝ ովքեր են համարվում ֆիզիկական անձ։ Ֆիզիկական անձինք կարող են հանդես գալ որպես անհատ ձեռնարկատեր՝ իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն իրենց անունից, իրենց ռիսկով՝ կրելով պատասխանատվություն պարտավորությունների համար սեփական գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով բռնագանձում չի տարածվում։

Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ որպես ԱՁ-ի տարբերությունը հիմնականում կայանում է պատասխանատվության շրջանակների տարբերության մեջ։ Շահույթ հետապնդող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել ընկերությունների, ընկերակցությունների և կոոպերատիվների տեսքով։ ՀՀ-ում առևտրային կազմակերպությունների ամենահաճախ հանդիպող ձևերն են ՍՊԸ-ները, անահատական ձեռնարկությունները, արտադրական կոոպերատիվներն ու ՓԲԸ-ները, իսկ ոչ առևտրային կազմակերպությունների տարածված ձևերն են հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները։


ԱՁ-ի և ՍՊԸ-ի հիմնական առանձնահատկությունները

Հարկման համակարգերի առումով որևէ տարբերություն չկա ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է ԱՁ-ի, թե ՍՊԸ-ի միջոցով, հիմնական տարբերությունը պատասխանատվության շրջանակն է, իսկ հաշվառման և փաստաթղթավորման առումով ավելի հեշտ է ունենել ԱՁ, քանի որ պարտադիր չէ վարել դրամարկղային հաշվետվություններ կանխիկով գործարքների ժամանակ։ ՍՊԸ-ն ավելի շահեկան տարբերակ է, եթե ընկերություն պետք է հիմնել մի քանի հիմնադրով։ ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերություններն ավելի լավ հասկանալու համար քննարկենք յուրաքանչյուրն առանձին-առանձին:

Անհատ ձեռնարկատեր։ Անհատ ձեռնարկատերն այն գործունակ ֆիզիկական անձն է (ՀՀ քաղաքացի, օտարերկրացի, քաղաքացիություն չունեցող անձ), ով իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, որպես անհատ ձեռնարկատեր (սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից սկսած) ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է:

Անհատ ձեռնարկատերն իրավաբանական անձ չի համարվում, սակայն անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձանց հանդեպ գործող կանոնները։ Անհատ ձեռնարկատերը չունի հաշվեկշիռ, պարտավոր չէ վարել ֆինանսական հաշվառում և իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով բռնագանձում չի տարածվում։

ԱՁ-ի հաշվառումն արագ իրականացվող է և կարող է մերժվել, եթե անձն արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ օրենքով զրկված է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Բաժնետերերը կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը՝ կախված ներդրած ավանդի սահմանների։ Այս ավանդների հիման վրա էլ կազմվում է ընկերության կանոնադրական կապիտալը (մասնակիցների բաժնեմասերի չափերը), որի համար նվազագույն չափ չի սահմանվում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

ՍՊԸ-ի դեպքում ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության:

Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը կամ դրա մի մասը վաճառել կամ զիջել մյուս մասնակիցներից մեկին կամ մի քանիսին: Մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն նախապատվություն են ստանում գնելու օտարվող իրավունքը, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։

ՍՊԸ գրանցելու գործընթացը ևս պարզ է ու արագ, հնարավոր է գրանցել նույնիսկ 1000 ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով։ ՍՊԸ-ի գրանցման դեպքում, ի տարբերություն ԱՁ-ի, պետական տուրք չի գործում, ԱՁ-ի դեպքում սահմանված է 3000 ՀՀ դրամի չափով։ ՍՊԸ-ի մասնակիցը կարող է ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից՝ ստանալով իր բաժնեմասը։ Գոյություն ունեն նաև արտոնություններ այն մասնակիցների համար, ովքեր տնօրինում են ընկերության առնվազն 10 տոկոս բաժնեմասին։ Օրինակ՝ նրանք կարող են դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացումն ընկերությունից, եթե վերջինս իր գործողություններով անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը։


ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունները

ԱՁ

ՍՊԸ

Հաշվառում

Փաստաթղթային նվազագույն պահանջներ և 3000 դրամ ՀՀ պետ տուրքի վճար: Գրանցումը կատարվում է նույն պահին:

Փաստաթղթերի պարտադիր ներկայացման փաթեթ և կանոնադրություն: Գրանցումը կատարվում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Հարկային պարտավորություններ

Հարկային բաժին հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտությունը և առաջացած հարկերի վճարում

Հարկային բաժին հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտությունը և առաջացած հարկերի վճարում

Աշխատկիցներ

Պետությունում աշխատողներ ընդունելու իրավունք

Պետությունում աշխատողներ ընդունելու իրավունք

Կնիքը

Իրավունք ունի

Պարտավոր է ունենալ

Հասցե

Անհատ ձեռնարկատերը գրանցված է բնակության վայրում, պարտադիր չէ ունենալ գործունեության հասցե

Ի տարբերություն ԱՁ-ի ՍՊԸ-ն պետք է ունենա գործունեության հասցե


Պատասխանատվություն


Պատասխանավություն են կրում սեփականության իրավունքով իրենց պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

ՍՊԸ-ի հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների համար

Եկամտի տնօրինում

Եկամուտները ազատ տնօրինելու իրավունք

Հիմնադիրը կարող է եկամուտը ստանալ միայն շահաբաժինների տեսքով, որոնք կարող են բաշխվել շահույթ ստանալուց հետո: Բացի այդ, եկամտահարկը պետք է պահվի շահաբաժիններից:

ՀՀ-ում ընկերության իրավական տեսակների մասին վիճակագրություն

ՀՀ-ում ընդհանուր իրավական տեսակների մասին վիճակագրությունը հետևյալ պատկերն ունի։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2021 թ. գրանցումների անհատ ձեռնարկատերերն ու ՍՊԸ-ներն ամենաշատ տարածում գտած կազմակերպաիրավական ձևերն են։ Հաջորդ երեք լայն տարածում ունեցողներն են՝ հասարակական կազմակերպությունները, անհատական ձեռնարկություններն ու արտադրական կոոպերատիվները։

Իրավաբանական անձանց քանակը Հայաստանում

Այնուամենայնիվ, կախված Ձեր գործունեության տեսակից՝ կազմակերպաիրավական տեսակը կարող է փոփոխվել դեպի Ձեզ համար առավել շահեկան տեսակի, այս գործում անհրաժեշտ է խորհրդակցել փորձառու մասնագետնեի հետ, ովքեր կուղղորդեն Ձեզ դեպի ճշգրիտ ընտրություն։

Վերջին չորս տարիների ընթացքում իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում որպես Ա/Ձ և ՍՊԸ հաշվառվածների պատկերն այսպիսին է՝ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված տվյալների:

կազմակերպությունների վիճակագրություն

Սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ կազմակերպաիրավական տեսակներից ամենաարագ ու քիչ ժամանակատարը ԱՁ-ի գրանցումն է, սակայն պետք է հաշվի առնել ապագայում արտաքին ֆինանսավորում ձեռք բերելու խոչընդոտները և գնահատել յուրաքանչյուր կազմակերպաիրավական ձևի ընտրությամբ պայմանավորված հարկային բեռը։ Այս հարցում Ձեզ կարող են ուղղորդել մեր փորձառու մասնագետները։


3,322 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page