top of page
Search
Profix Consulting

Միայնակ և ընտանեկան եկամտահարկի ամենաբարձր դրույքաչափեր ունեցող երկրները


Մարդկանց կողմից հարկերի վճարումը այնքան հին է, որքան մարդկային հասարակության պատմությունը: Այն գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից մինչ օրս: Եվ, ինչպես հնում, այնպես էլ այսօր, տարբեր պետություններ տարբեր մոտեցում են ցուցաբերում այս հարցին,,և հարկման համակարգերն էլ կարող են խիստ տարբեր լինել:


Կան երկրներ, որոնք ունեն հարկման բավականին բարձր տոկոս մնացյալ պետությունների համեմատ: Եկամտահարկի բեռն ըստ երկրների կարող է տարբերվել, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր հարկային պլանավորման եղանակը: Որոշ երկրներում սոցիալական ապահովագրության հարկերը զգալիորեն ավելի բարձր են, քան հիմնական եկամտահարկերը, օրինակ՝ Նիդերլանդներում սոցիալական ապահովագրության հարկերը զգալիորեն ավելի բարձր են քան հիմնական եկամտահարկը:


Դանիան ունի աշխարհի ամենաբարձր հարկերից մի քանիսը ինչպես միայնակ, այնպես էլ ամուսնացած հարկատուների համար: Մինչդեռ բևեռի մյուս ծայրում որոշ երկրներ ընդհանրապես չունեն եկամտահարկ, որոնք հայտնի են նաև «հարկային դրախտ» անվանումով: Հայտնի օրինակներից են նավթով հարուստ երկրները՝ Սաուդյան Արաբիան, Քաթարը և Քուվեյթը, որոնք նավթից ստացված եկամուտներն ներդնում են իրենց քաղաքացիներին ապահովելու համար: Այժմ ուսումնասիրենք ամենաբարձր եկամտահարկ ունեցող երկրների ցանկը միայնակների և ամուսնացածների համար:


Ամենաբարձր եկամտահարկ ունեցող երկրները միայնակների համար



Եկեք ուսումնասիրենք Investopedia-յի կողմից առանձնացված այն երկրները, որոնք ունեն անձնական եկամտահարկի ամենաբարձր դրույքաչափերը` ըստ անժառանգ (միայնակ) քաղաքացու միջին աշխատավարձի: Առաջին հնգյակում են Գերմանիան (39,3%), Բելգիան (39,3%), Լիտվիան (36,1%), Դանիան (35,6%) և Սլովենիան (34,5%):


Գերմանիա. Գերմանիան ունի պրոգրեսիվ հարկման համակարգ, ինչը նշանակում է, որ ավելի բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները ավելի շատ հարկեր են վճարում, քան ցածր եկամուտ ունեցողները: Երկիրը գանձում է եկամտահարկ և գույքահարկ, որը գերազանցում է 45%-ը: Խնայողությունների և ներդրումներ համարվող եկամտի առաջին 801 եվրոն չի հարկվում ՝ խնայողի նպաստի շնորհիվ:

Մինչև 9,408 եվրո եկամուտը համարվում է անձնական նպաստ և չի հարկվում:


Բելգիա. Բելգիայի պրոգրեսիվ հարկման լավագույն դրույքը 50% է: Գույքից, աշխատանքից, ներդրումներից, խնայողություններից և տարբեր աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները հարկվում են: Գույքահարկի դրույքաչափերը կախված են գույքի տեսակից:

Բելգիայում աշխատողները սոցիալական ապահովության հարկ են վճարում իրենց եկամտի 13.07%-ի չափով, սակայն, բարձր դրույքաչափի հետ մեկտեղ, կառավարությունը թույլ է տալիս նվազեցնել բիզնեսի ծախսերը, սոցիալական վճարները և ալիմենտի վճարումների 80%-ը՝ հատուկ միջոցառումների և ծրագրերի միջոցով:


Լիտվա. Լիտվան որպես եկամտահարկ հարկում է 32%-ի չափով: Հարկվող եկամուտը ներառում է զբաղվածությունը, առևտրային գործունեությունը, հոնորարները, լիզինգային ակտիվները և այլ աղբյուրներ: Աշխատանքի հետ կապ չունեցող եկամուտները, ներառյալ հոնորարները, տոկոսները և գույքի վաճառքից ստացված եկամուտները, հարկվում են 15-20%-ով: Շահաբաժինները ենթակա են հարկի 15% դրույքաչափի:


Դանիա. Դանիայի եկամտային հարկը գերազանցում է 55,9%-ը: Դանիացիները վճարում են 8% դանիական աշխատաշուկայի վճարման հարկ, 8% առողջապահական հարկ, 22,8% -ից 27,8% քաղաքային հարկեր, սոցիալական ապահովության հարկեր (167.06 $) տարեկան կտրվածքով: Դիվիդենտներից որպես հարկ պահվում է `27%, իսկ հոնորարներից` 22%:

Դանիայում կա նաև կամավոր եկեղեցական հարկ` 0.39%-ից 1.3%: Աշխատանքից ստացված եկամուտները, պարգևավճարները, նպաստները, բիզնեսից ստացված եկամուտները, վճարները, կենսաթոշակները, սոցիալական ապահովության նպաստները, շահաբաժինները, տոկոսները, կապիտալի շահույթները և անշարժ գույքի վարձակալության եկամուտները Դանիայում հարկվում են նրանց համար, ովքեր գտնվում են չամուսնացած կարգավիճակում:


Սլովենիա. Սլովենիան գանձում է այնպիսի եկամտահարկ, որը տատանվում է 16-50% սահմաններում: Սլովենիայում հարկվում է նաև բնակիչների այն եկամուտը, որի աղբյուրները դուրս են Սլովենիայի սահմաններից, մինչդեռ ոչ ռեզիդենտները հարկվում են միայն Սլովենիայի կողմից ստացված եկամտով: Եկամտի վեց տեսակներ ենթակա են հարկման ՝ զբաղվածություն, բիզնես, գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, վարձավճար և հոնորարներ, շահաբաժիններ, տոկոսներ և կապիտալ շահույթներ: Շահաբաժինների, տոկոսների և վարձակալության եկամուտների դիմաց գանձվում է 27.5% պահուստային հարկ: Կապիտալ շահույթներն ի սկզբանե հարկվում են 27.5% դրույքաչափով, որը կկրճատվի մինչև 20%, եթե տվյալ ակտիվը պահվի առնվազն հինգ տարի: Այս տոկոսադրույքը յուրաքանչյուր հինգ տարին մեկ նվազում է 5%-ով, եթե ակտիվը պահվում է 20 տարի, որից հետո այն ազատվում է հարկումից: Այսպիսի առանձնահատկություններ ունի Սլովենիայի հարկային համակարգը այն անձանց համար, ովքեր ունեն միայնակի կամ չամուսնացածի կարգավիճակ:


ԱՄՆԶավակ չունեցող, միջին աշխատավարձ ստացող միայնակ մարդկանց որպես եկամտահարկ ԱՄՆ-ն հարկում է մոտավորապես 24% ՝ դրանով այս կատեգորիայում զբաղեցնելով 24-րդ տեղը: Ամուրիները հարկվում են նվազագույն սահմանային հարկի դրույքաչափով՝ 10%՝ 2021 թվականին նրանց առաջին 9,950 դոլար եկամտի վրա , մինչդեռ ամուսնացած զույգերը, որոնք համատեղ դիմում են ներկայացնում, հարկվում են այդ դրույքաչափով իրենց առաջին 19,900 դոլար եկամուտից։


Ամուսնացածների համար ամենաբարձր եկամտահարկ ունեցող երկրները


Երկու երեխա ունեցող ընտանիքների համար ամենաբարձր եկամտահարկ ունեցող երկրներն են՝ Լիտվան (27,7%) և Դանիան (25,2%), դրանք հնգյակում են և՛ այս, և՛ «առանց երեխաներ» կատեգորիաներում: Լավագույն հնգյակում Լիտվայի և Դանիայի կողքին են Թուրքիան (26,5%), Ֆինլանդիան (24,7%) և Նիդերլանդները (24,2%):


Լիտվա. Ներկայացնենք որոշ տեղեկություններ Լիտվայում հարկման մասին, բացի վերը նշված միայնակ անձանց հարկերի մանրամասներից: Լիտվայում ամուսնացած քաղաքացիներին թույլատրվում է ազատվել հարկերից տարեկան մինչև 4200 եվրոյի չափով, ինչը նվազում է աշխատավարձի բարձրացման հետևանքով ՝ մինչև 31990 եվրո: Սպառողները նաև ավելացված արժեքի հարկեր են վճարում ապրանքների և ծառայությունների մեծ մասի համար՝ 21% դրույքաչափով:


Թուրքիա. Թուրքիայի եկամտահարկի դրույքաչափերը տատանվում են 15-35%: Թուրքիան եկամտահարկ է գանձում առևտրային, գյուղատնտեսական և մասնագիտական գործունեությունից, աշխատավարձերից, շահաբաժիններից, և հոնորարներից և այլ եկամուտներից: Հատկացումները տրամադրվում են բժշկական և կրթական ծախսերի, բժշկական ապահովագրության, կենսաթոշակային և մասնավոր ծախսերի, ինչպես նաև որոշ ներդրումների համար ։


Դանիա. Ամուսնացածների համար բնակարանի վաճառքի արդյունքում ստացված շահույթը սովորաբար հարկերից զերծ է: Հարկ վճարողների մեծ մասը ստանում է 46.200 քր. (6,802,22 ԱՄՆ դոլար) և աշխատանքային նպաստ: Անհատները գույքահարկ են վճարում, իսկ ժառանգություն ստացող ամուսիններից բացի ցանկացած ոք վճարում է ժառանգության հարկ: Սպառողները նաև վճարում են ավելացված արժեքի հարկեր ապրանքների և ծառայությունների մեծ մասի համար 25% դրույքաչափով: Դանիան աշխարհում ամենաբարձրն է հարկում և՛ ամուսանած, և՛ միայնակ քաղաքացիներին:


Ֆինլանդիա. Ֆինլանդիան իր եկամուտ ստացողներին հարկում է պրոգրեսիվ կերպով և հարկման դրույքաչափը երբեմն գերազանցում է 31,25% -ը: Անհատները վճարում են սոցիալական ապահովագրության վճարներ և հանրային հեռարձակման հարկ( Yle-ի հարկը ֆիննական հարկ է, որը հավաքագրվում է երկրի հանրային հեռարձակման ընկերության՝ Yle-ի գործունեությունը ֆինանսավորելու համար): Ֆինլանդիան եկամտահարկ է գանձում աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական նպաստների, ինչպես նաև ներդրումներից ստացված եկամտից: Քաղաքացիների եկամուտները հարկվում են ազգային, համայնքային և եկեղեցական հարկումներով:


Նիդերլանդներ. Նիդերլանդները բոլոր եկամուտները դասակարգում է երեք կատեգորիաների.

  • աշխատավարձեր, երեխաներին հատկացվող նպաստներ, կենսաթոշակներ և սեփականության եկամուտներ

  • ձեռնարկության եկամուտ, բիզնես եկամուտ

  • խնայողություններ և ներդրումային եկամուտներ:

Յուրաքանչյուր կատեգորիա ունի հարկման իր դրույքաչափը, իսկ ընդհանուր հարկային կրեդիտները կիրառվում են զուտ եկամտի նկատմամբ `երեք կատեգորիաների բաշխումից հետո: Ամուսնացածների եկամուտը այս երկրում հարկվում է 37.35-ից 49.5% պրոգրեսիվ դրույքաչափերով:


Ամուսնական զույգերի եկամուտը հարկվում է համատեղ կարգով, եթե նրանք ամուսնալուծության դիմում չեն ներկայացրել, և որոշ պայմանների դեպքում չամուսնացած զույգերի եկամուտը ևս կարող է համատեղ հարկվել:


ԱՄՆ․ Կան մի շարք գործոններ, որոնք կարող են ազդել, թե արդյոք զույգը կենթարկվի ամուսնական տույժի։ Այս գործոնները ներառում են անհատական և համակցված եկամուտները, եկամուտների անհավասարությունը և ներգրավված երեխաների թիվը: ԱՄՆ-ն այս կատեգորիայում ունի 12,2% հարկման դրույքաչափ, ինչը նրան տալիս է 25-րդ տեղը՝ ամենաբարձր հարկային դրույքաչափ ունեցող երկրների շարքում:


Եկամտային հարկը ՀՀ-ում


ՀՀ-ում պատկերը մի փոքր այլ է, քանի որ գործում է համահարթ հարկման մոդելը: Ըստ այս մոդելի՝ ամեն տարի 1 տոկոսով նվազում է հարկման դրույքաչափը. 2022թ. հունվարից՝ 21%, 2023թ. հունվարից՝ 20%: Ֆիզիկական անձը՝ ՀՀ քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը, Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ է վճարում, եթե նա՝ ՀՀ ռեզիդենտ է, ոչ ռեզիդենտ է և հայաստանյան աղբյուրներից ստացել է հարկվող եկամուտ:


Այսպիսով ֆիզիկական անձի եկամուտներից հարկը ՀՀ–ում 21% է, բացառությամբ ստորև նշված դեպքերի.

  • Տոկոսային, ռոյալթիների, գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող եկամուտները հարկվում են 10 տոկոս դրույքաչափով

  • Վարձակալական վճարներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս, իսկ տարեկան 60 մլն դրամից ավել վարձավճար ստանալու դեպքում վարձատուն վճարում է հավելյալ 10 տոկոս

  • Շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով

  • Ավտոմեքենայի օտարումը ձեռքբերումից հետո 365 օրվա ընթացքում կատարելու դեպքում առաջանում է եկամտային հարկ օտարման արժեքի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից, իսկ էլեկտրական մեքենաների դեպքում, շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:

  • Կառուցապատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

  • Կազմակերպության կանոնադրական կապիտալում գույքի ներդրումը չի հարկվում եկամտային հարկով: Սակայն եթե տվյալ ներդրումից հետո հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում կատարվի բաժնեմասի օտարում, ապա այդ գործարքը կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով:

ՀՀ-ում գրանցված աշխատողի ամսական հարկվող եկամուտը = աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ + անաշխատունակության և մայրության նպաստներ

Ձեր հարկային բեռի ճշգրիտ պլանավորման և հարկային արտոնությունների տիրապետման համար կարևոր է դիմել ոլորտի առաջադեմ մասնագետներին։ Մենք առաջարկում ենք մեր օգնությունն ու անվճար խորհրդատվությունը՝ ճիշտ ընտրելու ընկերության տեսակը և կարգավորելու բոլոր իրավական գործընթացները:



130 views0 comment

Comments


Post: Blog2_Post
bottom of page