Նախքան բիզնես գաղափարը բիզնեսի վերածելը և սեփական բիզնեսը սկսելը, անհրաժեշտ է ունենալ բիզնես պլան։ Բիզնես պլանն ամփոփ նկարագիր է ընկերության բոլոր կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների և դրանց իրագործման ուղիների վերաբերյալ։ Բիզնես պլանի կազմումը կարևոր է համարվում արդյունավետ գործունեության համար, քանի որ ավելի է պարզեցնում բարդ թվացող գործընթացը՝ ներկայացնելով այն 9 փուլերի միջոցով։
Բիզնես սկսելն առաջին հայացքից կարող է բարդ թվալ, քանի որ բացի ֆինանսական ներդրումներից հարկավոր են մասնագիտական մոտեցումներ։ Համաձայն Investopedia-ի բիզնեսների 67%-ը ձախողում է առաջին 5 տարում։ Ձախողման պատճառները տարբեր են՝ հիմնականում կախված տեսլականի բացակայությամբ: Տվյալ պարագայում կարևոր է դիմել մասնագիտական խորհրդատվության բիզնեսի ճիշտ պլանավորման ժամանակ:
Բիզնես պլանի հիմնական սկզբունքները
Ինչպես ցանկացած գործում, այնպես էլ բիզնես սկսելուց առաջ ամենակարևոր պայմանը պահանջարկի և առաջարկի ճշգրիտ գնահատումն է և հաճախորդների կարիքների բացահայտումը, հետևաբար հիմնական սկբունքներն են շուկայի մանրամասն ուսումնասիրությունը և ֆինանսական պլանի կազմումը։
Հիմնվեք հետազոտական և իրատեսական տվյալների բազայի վրա
Եղեք ավելի իրատես, քան իդեալիստ․ շատ հաճախ բիզնես պլանները չափազանց շատ են կենտրոնանում այն բանի վրա, թե ինչպիսին կարող է լինել ապրանքը կամ ծառայությունը, այլ ոչ թե ինչպիսին է այն իրականում: Թեև տեսլական ունենալը կարևոր է, Ձեր ծրագիրը պետք է հիմնված լինի հետազոտական տվյալների վրա, քանի որ այս փուլն առանցքային նշանակություն կարող է ունենալ հետագա գործունեության համար, այս հարցում ցանկալի է խորհրդակցել փորձառու մասնագետների հետ։
Գրանցեք բիզնեսն ու ընտրեք ճիշտ կազմակերպաիրավական տեսակ
Օրինականացրեք Ձեր բիզնես գաղափարը. դրանով դուք խուսափում եք ժամանակ կամ գումար կորցնելուց՝ թողնելով գաղափարը թղթի վրա։ Բիզնեսի առցանց գրանցումն հասանելի է e-register.am-ի միջոցով։ Նախ և առաջ պետք է գրանցվել կայքում, ինչպես նաև ունենալ էլէկտրոնային ստորագրություն, քանի որ փուլերից մեկում պահանջվելու է։ Գրանցվելուց հետո առաջին քայլը նոր ընկերության կազմակերպաիրավական տեսակի ընտրությունն է, քանի որ կազմակերպաիրավական տեսակն է որոշում հետագա պարտավորությունները։
Բիզնես պլանի փուլերը
Իհարկե, բիզնեսի կարիքները միշտ փոխվում են, բայց Ձեր բիզնես ծրագիրը պետք է հստակ պատկերացում տա, թե ինչպես բիզնեսը կաշխատի կարճ և երկարաժամկետ հեռանկարում: Բիզնես ծրագրի կազմումը կօգնի հետագա բիզնես կառավարման գործում։
Բիզնես պլանը պետք է հստակ արտացոլի, թե ինչպես և ինչ միջոցներով եք հասնելու բիզնեսի առջև դրված նպատակներին, լուծելու բոլոր խնդիրները և հստակ արտացոլի Ձեր գործողությունների պլանը։ Այս ամենի ամփոփ նկարագիրը տրվում է 9 փուլերի միջոցով`
1. Համառոտ նկարագիր
Այս բաժնում արտացոլվում է կազմակերպության առաքելությունը, տեսլականը և արժեքները, որոնց վրա կառուցված է ընկերությունը և հաջողության հասնելու ուղին, արտացոլվում են ընկերության նպատակներ և գործողության պլանները։ Նաև պետք է ներառել առաջարկվող ապրանքի կամ ծառայության մասին համառոտ նկարագիրը և իրացման ուղիները։
2. Բիզնես մոդել
Բիզնես մոդել բաժնում ներկայացվում է ընկերության բիզնես գաղափարը, շահույթ ստանալու ծրագիրը և գործունեության ոլորտը: Սահմանվում է ապրանքների կամ ծառայությունների շարքը, որոնք բիզնեսը նախատեսում է վաճառել, և դրան համապատասխան թիրախային շուկան և սպասվող ցանկացած ծախս: Բիզնես մոդելները կարևոր են ինչպես նոր, այնպես էլ կայացած բիզնեսների համար:
3. Ապրանքներ/ծառայություններ
Այստեղ տրամադրվում է տեղեկատվություն վաճառվող ապրանք/ծառայության վերաբերյալ, օրինակ՝ ինչ եք վաճառում, ինչ օգուտ են ստանում հաճախորդները, որքան է ապրանքի կյանքի ցիկլի տևողությունը: Ձեր ապրանքը կամ ծառայությունը Ձեր բիզնես գաղափարի առանցքն է, այս բաժինը օգտագործվում է մանրամասնելու Ձեր արտադրանքը կամ ծառայությունն իր կյանքի ցիկլի ընթացքում, ներառյալ՝ ում համար է նախատեսված, ինչ արժե և ինչ մրցակցային առավելություն ունի:
4. Շուկայի և մրցակիցների վերլուծություն
Շուկայի մանրակրկիտ հետազոտությունների անցկացումը կարող է օգնել Ձեզ հասկանալ Ձեր ոլորտի էությունը, ինչպես նաև այն, թե ինչպես առանձնանալ մրցակիցներից: Այստեղ ներկայացվում է շուկայի նկարագրությունը, զարգացման միտումները, ակնկալվող վաճառքի ծավալները, թիրախային շուկայի նկարագիրը և կարիքները:
5. Աճի ռազմավարություն և իրականացման պլան
Բիզնես պլանի այս բաժինը սահմանում է կազմակերպության ռազմավարությունը, զարգացման ուղիները, ղեկավար օղակի պարտականությունները։ Գործողությունների ծրագիրը բացատրում է, թե ինչպես եք գործելու և կառավարելու Ձեր բիզնեսը: Այն նաև անդրադառնում է բիզնեսի այն գործունեությանը, որն ուղղակիորեն չի առնչվում հաճախորդներին ապրանքներ կամ ծառայություններ մատուցելուն:
6. Կազմակերպում և կառավարում
Կազմակերպում և կառավարում բաժնում ներկայացվում է բիզնեսի կազմակերպաիրավական կառուցվածքը և դրանից բխող կառավարման նկարագիրը: Մանրամասն նկարագրվում են անհրաժեշտ մարդկային ռեսուրսները և որակավորման պահանջները։ Այս բաժինը պետք է ներառի համապատասխան տեղեկատվություն Ձեր ղեկավար թիմի և այլ հիմնական աշխատակիցների մասին, ներառյալ յուրաքանչյուր համապատասխան անհատի սեփականության տոկոսը և ներգրավվածության աստիճանը՝ կախված կազմակերպաիրավական տեսակից:
7. Իրականացման պլան
Իրականացման պլանը ներառում է բիզնեսի տեղակայման վայրը, սարքավորումները, անհրաժեշտ մասնագետների փորձը, ապրանքանյութական պաշարների պահանջները և մատակարարները, արտադրական գործընթացի նկարագրությունը, ինչպես նաև ցանկացած այլ ահրաժեշտ մանրամասներ: Բիզնեսի համար իրականացման պլանը վճռորոշ դեր է խաղում գաղափարի, նախագծի կամ մեթոդաբանության մշակման և իրականացման գործում:
8. Մարքեթինգային ռազմավարություն
Այս բաժինը ներառում է վաճառքի ռազմավարություն, գնագոյացման քաղաքականություն, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների առաջմղման ծրագիրը տարբեր աղբյուրներով: Մարքեթինգի և վաճառքի պլանները հստակեցնում են այն քայլերը, որոնք ձեր բիզնեսը կձեռնարկի իր ֆինանսական և վաճառքի նպատակներին հասնելու համար:
9. Ֆինանսական վերլուծություն
Ֆինանսական վերլուծություն բաժնում ներկայացնում է դրամական հոսքերի մասին հաշվետվություն, ֆինանսական կանխատեսումներ, անվնասաբերության կետի հաշվարկման վերլուծություններ։ Այս փուլի նպատակն է բիզնեսի կենսունակության ցուցադրումը և ներդրումային գրավպչությունը Այս հատվածը թերևս ամենաառանցքայինն է և անհրաժեշտ է խորրդակցել փորձառու մասնագետների հետ։
Ի՞նչ առավելություներ կտա բիզնես պլանը
Ըստ էության, բիզնես պլանը մանրամասն նկարագրում է բիզնեսը, ներառյալ դրա նպատակները: Նախևառաջ պետք է հասկանալ բիզնես պլանի կարևորությունը, որպեսզի կազմել ճիշտ բիզնես պլան։ Ստորև թվարկված են բիզնես պլան ունենալու առավելությունները՝
Ընկերության նպատակների և խնդիրների սահմանում
Սահմանվում են նպատակները և դրանց հասնելու ուղիները՝ մշակված գործողությունների պլանին համապատասխան։ Սահմանվում են ռազմավարական , երկարաժամկետ ու կարճաժամկետ նպատակները, որի միջոցով ավելի հեշտ է լինում ստուգել գործունեության պլանի կատարողականությունը, այսինքն՝ ինչքանով ենք մոտ մեր առջև դրված նպատակների իրականացմանը։
Ներկա իրավիճակի գնահատում և բացթողումների վերհանում
Քանի որ արդեն հստակ բաժանում կա իրականացվող գործողությունների վերաբերյալ, սահմանվում են կատարողականի ցուցանիշներ և նորմաներ, որը հնարավորություն է տալիս գնահատել ներկա իրավիճակը և հասկանալ խոչընդոտող հանգամանքները, հասկանալ՝ ինչքանով ենք իրականացնում մեր առջև դրված պլանը։ Թերևս ամենակարևոր հատկանիշներից է նաև այն, որ հստակ տեսանելի են դառնում ընկերության ձեռքբերումները և դրան տարած ուղիները։
Ֆինանսական աղբյուրների ներգրավում
Բացի բիզնեսի անմիջական մասնակիցներից, բիզնես պլանն առաջնային աղբյուր է ներդրողների համար, և բիզնեսերի մեծամասնության համար բիզնես պլանի հիմնական շահառուները հենց ներդրողներն են։ Բիզնես պլանը պատասխանում է այն հարցին, թե ինչ միջոցներ է պետք ներդնել տվյալ ծրագրի ապահովման համար, ինչ եկամտաբերության մակարդակ կապահովվի և ինչ ռեսուրսներ կպահանջվեն, ըստ դրա ներդրողները կորոշեն՝ արդյոք արժե միջոցներ ներդնել տվյալ ներդրումային նախագծի մեջ
Բիզնես պլանի օրինակ
Ներբեռնեք և օգտագործեք Ձեր նոր ընկերությունը կառուցելու համար բիզնես պլանի ձևանմուշը :
Հարկավոր է հասկանալ բիզնես պլանի հիմնական տարրերը, որոնք պետք է ծառայեն որպես հիմք: Հիմնականում բիզնես պլանը պետք է պատասխանի երկու հարցի՝ ինչո՞ւ Ձեր բիզնեսը և ինչո՞ւ հիմա:
Ներդրողները ցանկանում են իմանալ, թե ինչու է Ձեր բիզնեսը մտնում շուկա, այսինքն՝ ինչ խնդիր է այն լուծում և ինչով է տարբերվում ներկայիս գործող բիզնեսներից: Նրանք նաև ցանկանում են իմանալ, թե ինչու է այժմ ճիշտ ժամանակը տվյալ տեսակի ապրանքի կամ ծառայության համար:
Այնուամենայնիվ, կախված գործունեության բնագավառից և բիզնեսի նպատակներից՝ բիզնես պլանի պահանջները փոփոխվում են, ուստի անհրաժեշտ է դիմել մասնագիտական խորհրդատվության և հասկանալ Ձեր բիզնեսի առանձնահատկությունները։
Comments